»Ֆրեդ Քելեմեն

Այսօր, երբ երկրները, քաղաքական գործիչներն ու անհատները մեծապես մտահոգված են, թե ով է խախտում իրենց սահմանները և ինչու, գերմանացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և մոնտաժող Ֆրեդ Քելեմենի ֆիլմերը դիտելը մի տեսակ սփոփում է, նույնիսկ երբ այդ ֆիլմերը ծանր, էքզիստենցիալ թեմաների են անդրադառնում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ցուցադրելու է Քելեմենի ռեժիսորական և օպերատորական տաղանդը ներկայացնող չորս ֆիլմ՝ նկարված չորս տարբեր երկրներում՝ Գերմանիա («Ճակատագիր»), Պորտուգալիա («Մայրամուտ»), Լատվիա («Անկում») ու Իսրայել («Քաղցրավենիք»): Այս սահմանների հատումն արտացոլվել է ոչ միայն Քելեմենի ֆիլմերի աշխարհագրությունում, այլև կինոարվեստի նկատմամբ նրա տեսակետներում: «Ես որսում եմ այն պահը, երբ ֆիլմի հետևում մեկ այլ ֆիլմ է բացահայտվում: Այդ երկրորդ՝ անտեսանելի ֆիլմն է կարևոր»:
...................................................................................................................................................................

Դուք ֆիլմեր եք նկարահանել ամբողջ աշխարհում: Կարելի՞ է Ձեզ «ռեժիսոր առանց սահմանների» անվանել:

Կարծում եմ՝ արվեստն առհասարակ չպետք է սահմաններ ունենա: Քանի դեռ ուզում եք խոսել մարդկանց ու նրանց կյանքի հանգամանքների, վախերի, պայքարի, հույսերի ու ցանկությունների մասին, որևէ նշանակություն չպետք է ունենա, թե որտեղ եք նկարահանում ֆիլմերը, և ով է դրանք դիտելու: Մենք պետք է հաղթահարենք ազգության ու ազգայնականության գաղափարը: Իմ պատկերացմամբ՝ ամբողջ աշխարհն ստեղծագործելու մեկ ընդհանուր վայր է:

Ձեր մոտեցումը կինոարտադրությանը նույնպես դեմ է ոլորտներն իրարից անջատելուն՝ և՛ ռեժիսոր եք, և՛ օպերատոր, և՛ սցենարիստ, և՛ մոնտաժող:

Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա՝ որն է իր ուժեղ կողմն ու ունակությունները: Եթե քո ուժը սցենարն է՝ ավելի լավ է՝ ռեժիսոր կամ օպերատոր չլինես: Մենք բնական սահմաններ ունենք, քանի որ բոլորս էլ սահմանափակ ենք: Իսկ արհեստական սահմաններ ստեղծել պետք չէ: Դուք ինքներդ կգտնեք ու կհասկանաք ձեր սահմանները: Դրանք ինքնըստինքյան կգծվեն ձեզ համար: Երբ Բեռլինում սկսեցի կինոդպրոց հաճախել, հասկացա, որ ինձ շատ է դուր գալիս լուսանկարելը: Բայց նաև սիրում էի պատմություններ հորինել, սցենար ներ գրել և ռեժիսորությունը: Ես առհասարակ հավատում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք ինքներս մեզ: Չպետք է սահմանափակենք ստեղծագործական, մարդկային, սիրելու և նվիրվելու մեր կարողությունները:

Ինչպե՞ս եք այս գաղափարները փոխանցում կինոդպրոցի ուսանողներին:

Երբ տեսնում եմ՝ ինչ-որ մեկը որոշակի ունակություն ունի, փորձում եմ աջակցել: Մի քանի տարի առաջ վարպետության դասեր էի տալիս Ռիգայում: Օպերատորների և ռեժիսորների դասեր էին, մոնտաժող ուսանողներից մեկը խնդրեց, որ ինքն էլ միանա մեզ: Նա չէր ուզում ինքն իրեն սահմանա փակել մոնտաժով, բայց իհարկե ոչ ոք նրան ռեժիսորական ունակությունները փորձելու հնարավորություն չէր տա: Ես նրա հետ մի նախագիծ մշակեցի՝ վավերագրություն, որի ռեժիսորը ինքն էր: Ֆիլմը կոչ վում էր «Մոսկատչկա», իսկ ռեժիսորի անունը՝ Անետ Շյուցե, այժմ՝ Իլիջյու: Գեղեցիկ ֆիլմ էր, որը ցուցադրվել ու մրցանակ է ստացել այս փառատոնին: Սա օրինակ է, թե ինչպես մոնտաժողը կարող է նաև ռեժիսոր լինել:

Առարկաները, հերոսներին և երևույթ ները կինոխ ցիկով բացահայտելու Ձեր մոտեցումն ունեք: Բելա Տարի «Թուրի նյան ձի» ֆիլմում, որի օպերատորը Դուք էիք, խցիկը երկար զննում է ամեն ինչ: Նույնիսկ ափսեով կարտոֆիլի կադրին կարող եք զգացմունքային խորություն տալ…

Ֆիլմ նկարահանելն առհասարակ տեսնելու կարողություն է ենթադրում, ու ես կարծում եմ՝ պետք է ավելի ուշադիր լինենք կյանքում, որպեսզի ավելի շատ բան տեսնենք, լսենք ու իմանանք: Նկարահանման իմ ձևը նաև կապ ունի ժամանակի հետ. պետք է գտնես այն պահը, երբ ժամանակն այլևս զուտ ֆիզիկական երևույթ չէ, այլ մետաֆիզիկական: Խոսքը տվյալ օբյեկտի էության մեջ թափանցելու մասին է: Այս առումով դեմքն ավելի լավ օրինակ է, քան կարտոֆիլը: Եթե ես որոշ ժամանակ նայում եմ դեմքին՝ այն սկսում է փոխվել, ու ես սկսում եմ այդ դեմքի վրա մի բան տեսնել, որ նրանից անդին է: Եվ հավանաբար հենց այդ պահին եմ ես սկսում կապ գտնել տվյալ կերպարի էության հետ: Իսկ որոշ ժամանակ անց՝ նույնիսկ երբ ուրիշի դեմքին եմ նայում, սկսում եմ իմ սեփական դեմքը տեսնել: Սկսում եմ զգալ մերկապը: Ես հենց այդ պահերն եմ որսում, երբ ֆիլմի հետևում մեկ այլ ֆիլմ է բացահայտվում: Հենց այդ երկրորդ՝ անտեսանելի ֆիլմն է կարևոր: Բայց դա կատարվում է միայն այն ժամանակ, եթե դու բավականաչափ երկար ես նայում, ու եթե դու փորձում ես թափանցել պարզ կատեգորիաների ու գաղափարների էությունը:

Որպես օպերատոր աշխատել եք տարբեր ռեժիսորների հետ: Ինչպե՞ս են այդ համագործակցություններն ազդել կինոարվեստի Ձեր ընկալման վրա:

Երբ ես ֆիլմ եմ նկարահանում, սովորում եմ: Այն ամենը, ինչ ես տեսնում եմ՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար կուտակվում է իմ ուղեղում ու ազդեցություն է թողնում ինձ վրա, այն իմաստով, որ հարստացնում է ինձ: Դա արմատապես չի փոխել կինոարվեստի մասին իմ պատկերացումները, բայց ավելի ավարտուն է դարձրել դրանք: Նույնն էլ վերաբերում է ուսանողների հետ իմ աշխատանքին: Նրանց աշխատանքներն էլ են հարստացնում ինձ ու ավարտուն դարձնում իմ տեսակետներն այն մասին, թե ինչ է կինոն ու ինչ կարող է լինել:

Ի՞նչ եք կարծում՝ կինոյի մասին Ձեր պատկերացումը երբևէ կարո՞ղ է ավարտուն դառնալ:

Երբեք: Ոչինչ երբևէ չի կարող ավարտվել, որովհետև այն աշխարհը, որ տեղ մենք ապրում ենք, փոփոխության ու շարժման աշխարհ է: Այն ամենը, ինչ շարժվում է, երբեք չի կարող ավարտվել: Եթե մի բան ավարտվում է, այն կանգ է առնում՝ մահանում է: ՀԻ